Արմեն Գրիգորյանը Գեղարքունիքի դրությունը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հետ

Զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Հայաստանից․ Գրիգորյանը զրուցել է Կլաարի հետ

Գրիգորյանը դատապարտել է հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որը նա որակել է որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։ Նշել է, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո:

Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը:

Զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք

Զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։