ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի մի շարք գյուղերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով` ՄԻՊ–ը ահազանգեր է ստանում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ:
«Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից», – Facebook-ի իր էջում գրել է Թաթոյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այդ հայտարարությանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե իբր համաձայն է ժամը 10-ից հրադադար հայտարարելուն։
Հիշեցնենք` հակառակորդի հետ գիշերվանից սկսած փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել