ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, սպանություն կատարելու դեպքով հարուցվել է քրգործ

Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնի վարույթ, ձեռնարկվում է նախաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների նկատմամբ։

Դրա ընթացքում ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ հրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Նրանք նաև գրավել են պահպանվող հենակետերից մեկը, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ:

Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ և ձեռնարկվում է նախաքննություն:

Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է