«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

«Բայրաքթարների» նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց Արցախում ծավալված պատերազմի օրերին։ Բայց վարկանիշի աճին զուգահեռ արտադրողը բաղադրիչների մատակարարման լուրջ խնդրի բախվեց, որը կարող է խորանալ: Թե ինչ է սպառնում այդ ԱԹՍ–ներին, կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Sputnik

Նորից ամպեր են կուտակվել թուրքական «Բայրաքթար» մարտական ԱԹՍ-ի գլխին, որն իրեն արդարացրել էր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վաշինգտոնը թուրքական բանակային դրոնի արտադրողներին ոչ երկիմաստ սպառնում է արգելել ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը։ Եթե Սպիտակ տունը հավանություն տա կոնգրեսականների նախաձեռնությանը, Թուրքիային հավանաբար չի հաջողվի պահպանել իր դիրքերը ռազմական ավիատեխնիկայի համաշխարհային շուկայում: Ինչպես հայտնի է, ամերիկացիներից առաջ «Բայրաքթարի» արտադրողների հետ համագործակցությունից հրաժարվել են եվրոպացի գրեթե բոլոր գործընկերները։

Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան

Արցախյան պատերազմը թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողների համար յուրօրինակ փորձադաշտ էր այդ արտադրանքի ունակությունները ստուգելու համար։ Եվ չնայած հայկական ուժերին հաջողվեց խոցել Արցախում օգտագործված «Բայրաքթարներից» գրեթե յուրաքանչյուր հինգերորդը, 2020թ․-ի աշնանից հետո դրանց վարկանիշը կտրուկ աճեց։ Միաժամանակ հենց հայերի դեմ դրոնների կիրառման հետևանքով այդ ԱԹՍ-ների արտադրողները լուրջ խնդիրներ ունեցան այն բաղադրիչների մատակարարման հետ կապված, որոնց արտադրողները եվրոպական և ամերիկյան առաջատար ընկերություններն են: Նրանց, բնականաբար, դուր չեկավ, որ իրենց արտադրանքն օգտագործում են քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվող զենք ստեղծելու համար։

3,5 մլրդ ԵՄ-ից Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելո՞ւ, թե՞ փախստականներին զսպելու համար

Առաջին «Bayraktar TB2՞ անօդաչու թռչող սարքը Արցախի ՀՕՊ-ը խոցեց հոկտեմբերի 19-ին։ Հայ մասնագետները մանրամասն ուսումնասիրեցին թռչող սարքի բոլոր պահպանված դետալները և պարզեցին դրանց ծագումը։ Պարզվեց, որ ԱԹՍ-ի բաղադրիչները մատակարարվել են Կանադայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ավստրիայից։

Դեռևս պատերազմի օրերին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հանձնարարություններ տվեց այդ երկրներում հավատարմագրված դեսպաններին։ Դիվանագետները լիազորված էին դիմել նշված պետությունների իշխանություններին և կոչ անել գնահատական տալ մահաբեր զենքի պատրաստման համար իրենց արտադրանքի օգտագործման փաստին։ Արձագանքեցին գրեթե բոլոր երկրներից։ Ցանկացողներին լրացուցիչ տեղեկություններ տրամադրվեցին։

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

Չսպասելով պաշտոնական Օտտավայի վերջնական որոշմանը՝ Երևանի ահազանգին առաջինն արձագանքեց Կանադական «Bombardier» ավիացիոն կորպորացիան։ Տնօրինությունը որոշեց մինչև հետաքննության ավարտը դադարեցնել «Rotax 912» ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային։ Թուրքերը կարողացան իրենց անօդաչուների համար շարժիչներ ստանալ բավականին բարդ միջնորդավորված սխեմայի շնորհիվ։

Կանադական սարքավորումները նրանք գնում էին ոչ թե կանադացիներից, այլ նրանց՝ Ավստրիայում գործող դուստր ընկերությունից։ Ընդ որում` որպես գնորդ նշվում էր ոչ թե թուրքական, այլ իտալական ընկերություն, որն այնուհետև շարժիչները վերավաճառում էր «Բայրաքթարի» արտադրողին՝ Ստամբուլի արվարձանում տեղակայված «Baykar Makina» ընկերությանը։ Մատակարարման այս խողովակն իսկույն փակվեց, քանի որ Ավստրիայի օրենսդրությունը պետական թույլտվություն է պահանջում ցանկացած ապրանքի արտահանման համար, որը կարող է արտերկրում օգտագործվել ռազմական նպատակներով:

Ռուսաստանը կարող է Ս-400 ԶՀՀ երկրորդ գունդը մատակարարել Թուրքիա. Միխեև

Երբ պաշտոնական հետաքննությունն ավարտվեց, հանձնաժողովի եզրակացություններն էլ հաստատեցին «Բայրաքաթարի» արտադրողների կողմից կանադական բաղադրիչների ապօրինի կիրառումը, Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարեց, որ Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունը չեղարկվում է: Արդյունքում «Baykar Makina» ընկերությունը զրկվեց նաև «Wescam» ընկերության օպտիկական սարքերի մատակարարումից։ Գերազանց օպտիկան թուրքական անօդաչուների գլխավոր առավելությունն էր համարվում։ Դրա շնորհիվ բանակային դրոնը կարող էր հետևել հակառակորդին մինչև 60 կմ հեռավորության վրա։ Առանց այդ օպտիկայի «Բայրաքթարը» «Բայրաքթար» չէ։

Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը

Հաջորդ հարվածը «Baykar Makina» ընկերությունը ստացավ անգլիացիներից։ Բրիտանական «Andair Ltd» ընկերությունը հետաքննություն իրականացրեց, ինչից հետո որոշեց ամբողջովին չեղարկել թուրքերին վառելիքի պոմպեր մատակարարելու բոլոր պատվերները:

Թուրքերը վատ նորություններ ստացան նաև Վաշինգտոնից։ «Baykar Makina»-ի հետ համագործակցությունից հրաժարվեցին ամերիկյան «Trimble Navigation» և «Viasat» ընկերությունները։ Դրանցից առաջինը GPS-ընդունիչներ է արտադրում, երկրորդը հայտնի է արբանյակային կապի իր համակարգով։

Միակ երկիրը, որը հրապարակավ չարձագանքեց Հայաստանի արտգործնախարարության դիմումին, որքան էլ տարօրինակ է, Գերմանիան էր։ Գերմանական ընկերությունները թուրքական բանակային դրոններ արտադրող ընկերությունների շնորհիվ մի քանի տասնյակ միլիոն եվրո են վաստակել։ Հայտնի է, որ «Բայրաքթարների» մարտագլխիկներն արտադրում էր գերմանական «TDW» ընկերությունը։

Սարքը, որի օգնությամբ ԱԹՍ-ն չափում է իր թռիչքի բարձրությունը, արտադրում էր «Smart Microwave Sensors» ընկերությունը։ «Բայրաքթարի» վառելիքային ֆիլտրերը պատրաստում էին Շտուտգարտում՝ «Hengst» ձեռնարկությունում։ Անօդաչու սարքի դիտարկման և խոցման համակարգում օգտագործվում էին գերմանական «Faulhaber» ընկերության դետալները: Չնայած պաշտոնական Բեռլինը չմեկնաբանեց գերմանական արտադրողների և թուրքական ռազմարդյունաբերական համալիրի համագործակցության թույլատրելի լինել–չլինելը, այդուհանդերձ նշված ընկերություններից մի քանիսը հրաժարվեցին երկարաձգել իրենց կապերը «Baykar Makina»-ի հետ:

Հայկական անձնագրով հեռու չես գնա, կամ երբ չափում են քանակը, ոչ թե որակը

Հիմա իր վերջին խոսքը կարող է ասել Վաշինգտոնը։ Անցյալ շաբաթ ամերիկացի կոնգրեսականներ Դևիդ Չիչիլինեն (դեմոկրատ) և Գաս Բիլիրակիսը (հանրապետական) դիմել են Պետդեպարտամենտին՝ պահանջելով դադարեցնել արտահանման լիցենզիաները ամերիկյան բոլոր տեխնոլոգիաների համար, որոնք Թուրքիան օգտագործում է ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ: Նրանք նաև կոչ են արել մանրակրկիտ հետաքննություն սկսել վերջին զինված հակամարտությունների ընթացքում քաղաքացիական բնակչության դեմ թուրքական ԱԹՍ-ների օգտագործման վերաբերյալ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ԱԹՍ-ներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի հայ քաղաքացիական բնակչության, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հետ միասին ԻՊ-ի դեմ կռվող քրդական ուժերի դեմ և Լիբիայի քաղաքացիական պատերազմում»,-ասվում է Չիչիլինեի և Բիլիրակիսի նամակում։

Այս նախաձեռնությանն արդեն իսկ մի քանի օրենսդիրներ են միացել։ Կասկած չկա, որ նախաձեռնությունը համաձայնեցված է եղել Պետդեպարտամենտի հետ։ Այն պետք է դիտարկել միջոցների ընդհանուր համալիրում, որոնք վերջին ժամանակներս կիրառում է Վաշինգտոնը Անկարային զսպելու նպատակով։ Այնպես որ կոնգրեսականների առաջարկը միանգամայն կարող է աջակցություն ստանալ ամերիկյան վարչակազմի կողմից։ Դա հզոր հարված կլինի Անկարային։

Թուրքիայում վրդովմունքը չեն թաքցնում։

«Մեր գործընկերները, մերժելով ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարել մեզ, ցույց տվեցին, որ վատ հարևաններ են։ Մեզ տեսախցիկներ են պետք, բայց նրանք մեզ չեն տալիս։ Մի՞թե մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք»,-վերջերս վրդովվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը

Նա խոստացավ, որ դաշնակիցները դեռ կփոշմանեն, չէ՞ որ Թուրքիան «առանց նրանց էլ գլուխ կհանի», իսկ ահա նրանք, Թուրքիայի նախագահի խոսքով, արդյունքում կզրկվեն շահավետ պատվերներից ու մեծ շահույթից։

Բայց արդյո՞ք թուրքական ռազմարդյունաբերական համալիրն ի վիճակի է ինքնուրույն կարգավորել բոլոր այն բաղադրիչների արտադրությունը, որոնցից զրկվել է ադրբեջանցիների կողմից Արցախում ԱԹՍ-ները քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու պատճառով։ Կասկածում եմ։

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Ամենաբարդը շարժիչների հարցն է լինելու։ Թուրքական «Tusas Engine Industries» ընկերությունն արդեն վաղուց է անօդաչուների համար շարժիչների մշակումով զբաղվում, բայց դեռ հեռու է սերիական արտադրությունից։ Ելքը կարող է լինել բաղադրիչների ներմուծումը այն երկրներից, որոնք չեն խորշում փող աշխատել խաղաղ բնակիչների մահից։ Այդպիսի մատակարարներ գտնվել են։ Վերջերս կայացել են թուրքական անօդաչու սարքի առաջին փորձարկումները Զապորոժիեի «Պրոգրես» գործարանի արտադրության 450 ձիաուժ հզորությամբ ուկրաինական շարժիչով։ Միայն թե որակը չի ձգում։ Կանադականի հետ անհամեմատելի է։

Քանի դեռ բաղադրիչների հարցերը լուծված չեն, դժվար է ծրագրել ԱԹՍ-ների արտադրության ծավալումն ու մտածել նոր, խոշոր պատվերների մասին։ Անգամ եղած պատվերները կարող են սպառնալիքի տակ հայտնվել։

Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին

«Բայրաքթարների»՝ համաշխարհային շուկա դուրս գալու խնդիրներն Էրդողանին ճնշում են նաև այն պատճառով, որ խանգարում են նրա նոր ֆավորիտի «գովազդին»։ Ինչպես հայտնի է, «Բայրաքթարներն» արտադրում է նախագահի փեսա Սելչուկ Բայրաքթարը։ Հաջողակ բիզնեսմեն-ինժեները 2016թ․-ին ամուսնացել է Էրդողանի կրտսեր դստեր՝ Սյումեյեի հետ։

Արցախյան պատերազմից հետո, երբ «Բայրաքթարների» նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացավ, և Թուրքիան աշխարհում չորրորդը դարձավ անօդաչուների արտահանման ծավալներով, նկատելիորեն աճեց նաև Թուրքիայի նախագահի փեսայի անձնական վարկանիշը։ Նա երկրում ամենասիրված մարդկանցից մեկը դարձավ։ Գիտակցելով դա՝ Էրդողանի նոր ֆավորիտը դադարեց թաքցնել իր քաղաքական հավակնությունները։ Աներոջ հավանությունը նա իհարկե ստացել է։

Նախագահի կրտսեր փեսայի քաղաքական ազդեցության աճի հետ մեկտեղ դիրքերը սկսեց հանձնել ավագ փեսան՝ Բերատ Ալբայրաքը, որն այժմ գլխավորում է ֆինանսների նախարարությունը։ Երբ նա վերջնականապես տապալեց ֆինանսական ոլորտի բարեփոխումները, փորձագետները եզրակացրին, որ Էրդողանը նրան որպես իր իրավահաջորդ չի դիտարկի: Ընտանիքում այդ դերի միայն մեկ հավակնորդ է մնացել։

Սելչուկ Բայրաքթարի քաղաքական կարիերայի հեռանկարները մեծապես կախված կլինեն նրանից` արդյոք ամերիկացիները ջախջախիչ հարված կհասցնե՞ն թուրքական անօդաչուների ծրագրին, թե՞ թույլ կտան դրանց գոյությունը։

* ԻՊ (Իսլամական պետություն)՝ ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում