ՌԱԴԻՈ

Բաքվի հայտարարության ֆոնին չի բացառվում ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը. փորձագետ

Ռազմական հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում թյուրքական համատեղ բանակի ստեղծման շուրջ։
Sputnik
Բաքվի հայտարարության ֆոնին չի բացառվում ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը. փորձագետ

Եթե Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները սկզբունքորեն գնում են միասնական բանակ ստեղծելու ուղիով, ապա դա պոտենցիալ առումով հնարավոր է, բայց կարող են լինել նաև այդ գործարքի հետ կապված յուրահատկություններ, օրինակ` այս փուլում դա 100 տոկոսով տեխնիկապես իրագործել հնարավոր չէ, քանի որ գործ ունենք երկու տարբեր բանակների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Դավիթ Հարությունովը։

«Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պատրաստվում են միասնաբար գործելու, թեև դա ենթադրում է ինտեգրման ավելի ցածր մակարդակ, քան միասնական բանակի` ամբողջովին միատարր կառույցի պարագայում։ Բայցևայնպես, միանշանակ է այն, որ երկու երկրների բանակները տևական ժամանակ իրականացնում են միասնական մարտական պատրաստություն, և սա ոչ միայն փորձի փոխանակում է, այլև ամեն ինչ արվում է, որ փոխգործակցության մակարդակը լինի հնարավորինս բարձր»,– նշեց փորձագետը։

Հարությունովի կարծիքով` Ադրբեջանն, այնուամենայնիվ, կցանկանա պահպանել որոշակի մանևրի տեղ, այսինքն` լիարժեք ու ամբողջական ինտեգրման մասին դեռ խոսք լինել չի կարող, քանի որ դա իր մեջ պարունակում է նաև հստակ քաղաքական բաղադրիչ։ 

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին` Հարությունովն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը պարունակում է երկու պոտենցիալ վտանգ. մեկն առնչվում է տարածքներ զիջելուն, մյուսը` Արցախին, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հրաժարվի Արցախի կարգավիճակի քննարկումներից։ 

«Մենք բարդ իրավիճակում ենք այն իմաստով, որ դա նաև փակուղային է, հասարակության մեծ մասը դրան պատրաստ չէ, թեև այս ամենի շարունակությունը կարող է լինել սահմանային էսկալացիայի խորացումն ու մեծացումը։ Բացի դրանից, Հայաստանն այս պահին գործնականում միջազգային արդյունավետ, լուրջ դիվանագիտական աջակցություն չունի»,– ասաց փորձագետը։

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

Հարությունովի գնահատմամբ` սահմանային լարվածությունն ըստ էության Հայաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակ է, ինչը բարձրաձայնում է նաև Ադրբեջանը և Բաքվից հնչող հայտարարություններն էլ արվում են այդ ֆոնին, հետևաբար չարժե բացառել ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը։ 

Հիեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

Նա ասել է, որ գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Շենթոպը շեշտել է, որ այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել։

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել