ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով` այդ հետևության հիմքում առնվազն 5 փաստ կա.
- ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում,
- 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են,
- պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին,
- զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն,
- գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:
Թաթոյանը շեշտել է, որ այս ամենին գումարվում է նաև ադրբեջանական զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։