ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։
Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան
Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:
Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։
Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:
Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն: