ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն Իրանի համար Հարավային Կովկասում կարևոր գործընկեր է, հատկապես տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին։ Փորձագետները համոզված են, որ Թեհրանը Երևանի օգնությամբ կարող է իր տնտեսության մի շարք առանցքային խնդիրներ լուծել։ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն մատակարարումների դիվերսիֆիկացման լույսի ներքո, այլև ԵԱՏՄ–ի հետ լիարժեք կապի ապահովման, որով Իրանի բիզնեսի համար կդառնա ուղեկցորդ դեպի միության բազմամիլիոնանոց շուկա։
Այս տեսանկյունից վերջին օրերին Իրանի ակտիվացումը պատահական չէ։ Այսպես` օրեր առաջ Թեհրանում անցկացվեց ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի մշտական գոտի ստեղծելու մասին բանակցությունների հերթական փուլը։ Կողմերը պայմանավորվեցին բանակցությունների լիաֆորմատ առաջին փուլն անցկացնել այս տարվա սեպտեմբերին։
Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով` ԻԻՀ–ն ներկա պահին հետաքրքրված է ԵԱՏՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացմամբ։ Երկիրը դեռ անդամակցության հարց չի դնում` հաշվի առնելով իր շուկայի առանձնահատկությունները։ Լիարժեք անդամակցությունը ԵԱՏՄ–ին կարող է մի շարք խնդիրների հանգեցնել ներքին շուկայում, և Իրանը դեռ դրանք լուծելու ժամանակ չունի։
«Այս համատեքստում մեծանում է Հայաստանի դերը։ Առավել ևս, որ մեր երկիրը միության երկրներից միակն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի», – ասաց Միսակյանը։
Նա հիշեցրեց նաև Հարավային Կովկասի երկրների հետ տնտեսական համագործակցության գծով Իրանի իշխանությունների վերջին զեկույցի մասին, որտեղ առանձին ուշադրություն է դարձվել ՀՀ Սյունիքի մարզի հետ տնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև Մեղրիում ազատ առևտրի գոտու գործարկման անհրաժեշտությանը։
Փորձագետը կարծում է, որ միայն Իրանի նախաձեռնությունը բավարար չէ, Հայաստանի իշխանությունները ևս պետք է ազատ առևտրի գոտու գործարկման գծով քայլեր ձեռնարկեն, ինչպես նաև ավարտեն «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։
Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները
Բացի այդ, Հայաստանը կարող է նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներ ապրանքի մատակարարման ապահովման հարցում միջնորդ երկիր դառնել։ Միսակյանը նշեց, որ դա մեր երկրի առավելությունն է, որն անհրաժեշտ է օգտագործել, և որի մասին տեղյակ են նաև Իրանում։
Արևելագետ, ռուսաստանցի փորձագետ Կարինե Գևորգյանն իր հերթին ընդգծեց այդ գործընթացում Հայաստանի առանձնակի դերը։ Նա կարծում է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կաճի, և այդ գործընթացն անխուսափելի է։
«Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է և Թեհրանի և Մոսկվայի միջև փոխգործակցության կամուրջ կարող է դառնալ», – ասաց Գևորգյանը։
Ըստ նրա` Երևանը կարող է դիտարկել Իրանի հետ համագործակցության ողջ ներուժը` հաշվի առնելով Թեհրանի ընտրած ճանապարհը։ Նրա գնահատականներով` դա ոչ մի բանով Հայաստանին չի սպառնում և կարող է հավասարակշռել Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում։
Այս համատեքստում Գևորգյանը նաև ընդգծեց «Պարսից ծոց–Սև ծով» միջանցքի հատուկ դերը և դրանում Հայաստանի տարանցման ներուժի իրացումը։
ՀՀ–ն պետք է ակտիվ աշխատի Իրանի հետ. փորձագետը` Երևանին ու Բաքվին ուղղված ուղերձների մասին
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը սահմանափակ ապրանքներ է ներառում, սակայն դրա մեջ մտնում են հիմնական գրեթե բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%–ը)։ Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսական և արդյունաբերական խմբի ապրանքների մասին է։