ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Նշենք, որ Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ առաջացնելու մեջ։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ–ն նշում է` ադրբեջանական կողմն է, որ խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության մի շարք կետեր։
«Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով»,–նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն` կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ԱԳՆ
Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն էլ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
ԱԳՆ–ն շեշտել է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Եվ փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով` «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։
Հայկական գերատեսչությունը նշում է նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն էլ իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը, համաձայնել են «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթի հետ։
«Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը»,–ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Միաժամանակ ԱԳՆ–ն անդրադարձել է նաև մեղադրանքներին, թե Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները։
ՀՀ արտգործնախարարությունն ընդգծում է` նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Սակայն, չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն, ըստ ԱԳՆ–ի, հայկական կողմը երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։