Հորդառատ անձրևը հեղեղել է մի շարք փողոցներ վրացական Բաթում կուրորտային քաղաքում։ Որոշ փողոցներում դժվարությամբ են տեղաշարժվում նույնիսկ տրանսպորտային միջոցները։
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ջրհեղեղի հետևանքները։
Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Բաթումում հեղեղվել են շենքերի առաջին հարկերը, քաղաքի բնակիչները չեն կարողանում դուրս գալ տներից: «Բաթումի Ցկալի» («Բաթումի Ջուր») ՍՊԸ-ում հայտարարում են, որ հատուկ խմբեր են ուղարկվել այն փողոցներ, որոնք հորդառատ անձրևների ժամանակ հաճախ են ջրածածկ լինում։
Բնակիչները մեղադրում են քաղաքի իշխանություններին ոչ որակյալ ենթակառուցվածքների համար։ Նրանք նշում են, որ նման իրավիճակ է ստեղծվում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո։ Ներկայումս աշխատանքներ են տարվում խողովակների մաքրման ուղղությամբ։