ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Թայբոքսինգի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով երեք մեղադրյալներին Մոսկվայի դատարանը դատապարտեց 8-11 տարվա ազատազրկման: Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Դատարանն ապացուցված է համարել, որ հանցագործության կազմակերպիչը ոմն Արշակ Բալագոզյանն է։ Բոլյանի սպանությունն իրականացնելու համար նա գտել է երկու հանցակիցների։ Անդրանիկ Սիրականյանը հսկել է սպանվածի տան մուտքի մոտ, երբ Բոլյանը տնից դուրս է եկել, Անդրեյ Բորիսենկոն էլ վազել է նրան ընդառաջ ու կրակել գլխին։
«Բորիսենկոն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, Բալագոզյանը՝ 10, իսկ Սիրականյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Բոլոր ամբաստանյալները պատիժը կրելու են խիստ ռեժիմի բանտում», - ասել է ՌԴ ՔԿ գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։
Նա նշել է, որ դատարանը բավարար է համարել գործով ապացույցները և նման որոշում է կայացրել ատենակալների մեղադրական դատավճռի հիման վրա։
Հիշեցնենք` 2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Մոսկվայի Նախիմովի պողոտայում գտնվող շենքի մոտ անհայտ անձը կրակոցով սպանել է թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ազգությամբ հայ, 40-ամյա Աշոտ Բոլյանին։ Քննչական կոմիտեն նշել էր, որ սպանությունը կարող էր կապված լինել նրա ձեռնարկատիրական գործունեության հետ։
Վերջին 15 տարվա ընթացքում Երևանում կատարված ամենաաղմկոտ սպանությունները