ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկեց պարտությամբ։ 73 կգ քաշային կարգում 2018թ. Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը 1/16 եզրափակիչում զիջեց Ղազախստանը ներկայացնող Ժանսայ Սմագուլովին և դուրս մնաց հետագա պայքարից։
Օլիմպիական մրցումներում շատ հաճախ հաղթողի հիմնական հավակնորդների պայքարին խառնվում է ոչ ֆավորիտ համարվող մարզիկը։ Եվ հույս կար, որ Ֆերդինանդ Կարապետյանը կարող է խառնվել մեդալների համար մղվող պայքարին։ Սակայն մրցումների առաջին իսկ գոտեմարտում հայ ձյուդոիստը չկարողացավ միավոր վաստակել Ժանսայ Սմագուլովի հետ գոտեմարտում։ Եվ քանի որ ղազախ մարզիկը հետո պարտվեց կանադացի Արթուր Մարգելիդոնին, հայ ձյուդոիստը կորցրեց նույնիսկ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունը։
Հայ մարզիկի ելույթին հետևում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Այսօր կեսօրին Հայաստանի օլիմպիականներից իր առաջին մենամարտը օլիմպիական մրցաշարում անցկացնելու է բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը։ 52կգ քաշային կարգում, առաջին մենամարտում Սողոմոնյանի մրցակիցն է լինելու անգլիացի Ջալալ Յաֆային։
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում