Հովհաննես Բաչկովը Տոկիո–2020–ում գոտեմարտելու է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ

Առաջին մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթանակի հասնելով Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի նկատմամբ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը օլիմպիական իր երկրորդ խաղերում հաղթական մեկնարկ վերցրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում իր հաջորդ գոտեմարտը 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն անցկացնելու է հուլիսի 31–ին։ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը։

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովի հաղթանակը Ալսթոն Ռայանի նկատմամբ անսպասելի երևույթ չէր։ Հայ բռնցքամարտիկը կարգով շատ բարձր է մրցակցից, և դա ապացուցեց երեք ռաունդների ընթացքում, որոնցում մրցավարներն արձանագրեցին Բաչկովի հաղթանակը։ Իսկ ահա 1/8 եզրափակիչում մեր բռնցքամարտիկին անհամեմատ դժվար մրցակից է բաժին հասել։ Ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է, սակայն դա ընդամենը նշանակում է, որ Հովհաննեսի մրցակիցն ուժեղ է նախորդից։ Ու, իհարկե, անանցանելի արգելք չէ հայ բռնցքամարտիկի համար։

Երկու բռնցքամարտիկներն էլ հարուստ փորձ են կուտակել ռինգում, և երկուսի համար էլ սա օլիմպիական երկրորդ խաղերն են։ Ռիո–2016–ի բռնցքամարտի մրցաշարում Հովհաննես Բաչկովը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը` պարտվելով չինացի բռնցքամարտիկին։ Սակայն հիմա մեր մարզիկը շատ լավ է պատրաստ մրցումներին, ու քառորդ եզրափակիչ դուրս գալու բոլոր շանսերը ունի։ Չալաբիևը նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը

Ինչ վերաբերում է հայ օլիմպիականների ելույթներին, ապա հուլիսի 26–ին պայքարի մեջ կմտնի ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։ Իր առաջին մենամարտը օլիմպիական խաղերում կանցկացնի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որի մրցակիցն է լինելու անգլիացի Ջալալ Յաֆային։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում