ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Չինաստանի Շանհայ քաղաքում 360 հազար մարդ են տեղահանել թայֆունի հետևանքով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինֆա (հրավառություն) անունով թայֆունը Չինաստանի հարավարևելյան Չժեցզյան նահանգի ափերին հասել է այսօր կեսօրին:
Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և այս երեկո կհասնի Շանհայ:
Քաղաքի իշխանությունները նախազգուշացման նախավերջին՝ նարնջագույն մակարդակ են հայտարարել։
Սինհուա գործակալության տվյալներով՝ Շանհայը արդեն ցիկլոնի ազդեցության տակ է, քաղաքում քամու պոռթկումները հասնում են յոթ միավորի, արմատախիլ է եղել մոտ հազար ծառ, պոկվել են գովազդային վահանակներ, կոտրվել շենքերի ապակիներ: Սպասվում է, որ գիշերը քամին ու անձրևը կուժեղանան: Այս պահին տուժածներ չկան։
Քաղաքի երկու միջազգային օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել բոլոր ուղևորատար չվերթերը, փակվել է մետրոն, ինչպես նաև ամբողջությամբ դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը մինչև վաղը։
Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունը ահռելի վնասներ է հասցրել․ տեսանյութ