Սպորտը աշխարհին ներկայանալու լավագույն ձևերից մեկն է։ Այսօր Տոկիոյում հայաստանյան մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Խոսելով հայ մարզիկների ու Հայաստանի մարզական ներուժի մասին` նախագահը շեշտեց, որ նրանք այսօր շատ ավելի մեծ ուշադրության կարիք ունեն։
«Մեր մարզիկները կարիք ունեն ավելի մեծ ուշադրության` և՛ բարոյական, և՛ մարդկային։ Օլիմպիական խաղերին մասնակցելը ինքնին արդեն մեծ հաջողություն է և տարիների աշխատանք։ Եվ պատկերացրեք` գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը դնում են նպատակի հասնելու համար, և այդ նպատակը, իհարկե, հաղթանակն է, որը ոչ միշտ է հաջողվում»,– ասաց նա։
Սարգսյանի խոսքով` մարմնամարզությունը ֆուտբոլ չէ, որտեղ լավագույն ֆուտբոլիստները հսկայական գումարներ են վաստակում, ու սպորտը թողնելուց հետո էլ կարող են ապահով կյանքով ապրել։
«Շատ–շատ սպորտաձևերում մարդիկ դա անում են ոչ թե գումարի, ապագայի կամ թոշակի համար, այլ ուղղակի որովհետև սիրում են, մարզիկ են ու ուզում են հաղթել»,– ասաց Սարգսյանը։
ՀՀ նախագահը կարևորեց, որ ինչպես շախմատը, այնպես այլ մարզաձևեր պետք է սկսել դպրոցից` հետագայում հպարտանալու բազում առիթներ ունենալու համար։ «Առողջ ժողովուրդը պատրաստ է լինելու հաղթանակների` ամեն տեսակի` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական»,– ասաց ՀՀ նախագահը։
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը Ճապոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Երեկ նա ներկա է եղել ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, իսկ այսօր հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթներին։
ՀՀ նախագահը միաժամանակ նաև հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի իշխանության ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նախանշված են նաև նրա հանդիպումներն այդ երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ։
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր կազմակերպած ընդունելությանը և զրուցել նրա հետ