Կրակոցները շարունակվում են, թշնամին նոր պատերազմ է հրահրում. Հակոբ Ավետյան

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական զինվորականները հիմնականում կրակում են ինքնաձիգով ու գնդացիրներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների մի քանի դիրքերի ուղղությամբ կրակոցները շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Շղթայական կրակոցները շարունակվում է։ Հիմնականում կրակում են ավտոմատներով ու գնդացիրներով»,- ասաց նա։

Ավետյանի խոսքով` թշնամին նոր պատերազմ է հրահրում։

«Ալիևի հայտարարությունից երևում է, որ իրենք տարածքների կռիվ են անում, դեռ տարածքների պահանջ ունեն, և սա տանում է նրան, որ պատերազմ հրահրեն։ Եթե մեկ ուղղությամբ լինի, կմտածենք` կոնկրետ դիրքում է խնդիր առաջացել, բայց կրակոցները տարբեր ուղղություններով են»,- նշեց Ավետյանը։

Այգեստանի բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված

ՊՆ–ն քիչ առաջ հայտնեց, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։