Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. ունենք 3 վիրավոր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

Նախարարությունից վստահեցնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը, զգուշացնում է՝ իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։