ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ըստ էության ընդունել է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրն իրենց նախնիների հողն է»։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում այսպես է արձագանքել Ալիևի տարածքային հավակնությունները ներկայացնող հայտարարություններին՝ նշելով, որ ա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում։
ԱԳՆ-ն շեշտում է՝ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմանը։
Այն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։
Հասկանալով միջազգային իրավունքը խախտող այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ Ադրբեջանը փորձում է «որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը»։
Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է
«Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ»,- նշված է ԱԳՆ պատասխանում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն պնդմանը, թե հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը, ԱԳՆ-ն նշում է՝ այն, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։
Ադրբեջանը նաև շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման, այլ խորացման քաղաքականությունը։
Մասնավորապես, ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանն առկախում է գերիների վերադարձը, քրեական շինծու հետապնդումներ իրականացնում նրանց նկատամբ, շարունակում խրախուսել հայատյացությունը։
Ադրբեջանը տարածել է` իբր Գեղարքունիքից կրակ են բացել իրենց ուղղությամբ. ՀՀ ՊՆ–ն հերքում է
«Ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով»,- ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը` հավելելով, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։