Պետությունը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս դրամական աջակցություն կտրամադրի

Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում ամսական վճարումները դադարեցվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Մինչ անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումը նրա ընտանիքի անդամներին կտրամադրվի դրամական աջակցություն, բայց ոչ ավել, քան 9 ամսվա համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մատաղիսում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ոչ մի աճյուն չեն գտել

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:

Ըստ հիշյալ որոշումների` մինչ անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումը նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 դրամ աջակցություն։

Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով:

«Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիներն աջակցություն կստանան

Ավելի վաղ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնել էր, որ պատերազմի հետևանքով զոհված ևս 153 հերոս զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել: 

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը։

Այս հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և 200-300 հազար դրամ ամսական (կախված զոհվածի կոչումից): Նույն ամսական վճարները (առանց միանվագ) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։

Երկրորդ խմբի հաշմանդամները ստանում են 5 միլիոն դրամի միանվագ վճար և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք փոխանցվում են սփյուռքից։