Ի՞նչ առավելություններ է ունենալու Հայաստանի ազգային ավիափոխադրողը, և ո՞վ է այն ղեկավարելու

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը պատասխանել է հանրությանը հետաքրքրող հարցերին։ Ընկերության անվանակոչության համար կա ավելի քան 300 առաջարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները:

10 օրը շա՞տ է. Հայաստանի իշխանության որոշումը հարվածել է իրանցիների զբոսաշրջային հոսքին

Ըստ ֆոնդի հաղորդագրության` հանրությանը հուզում է, թե ինչ նպատակ ուներ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը։

Նշվում է, որ անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում:

«2019թ.-ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարց է առաջանում նաև, թե ինչու են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է։

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե՛ բիզնես, թե՛ ներդրումային հեղինակության տեսանկյունից և լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել. խոսվել է նաև ազգային ավիափոխադրողի մասին

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասնակցության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը, ապա նշվում է, որ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ, և մասնագետները եկել են եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։

Նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ–ի միջոցով։ Պետության զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց «ազգային ավիափոխադրող» է։

«Բաժնետոմսերը մոտավորապես հավասար են, բայց մեծամասնությունը տնօրինում է հայկական կողմը։ Մենք առաջնորդվել ենք գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքով, որ այն գործընկերը, տվյալ դեպքում՝ «Էյր Արաբիան», որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողությունն ու փորձը պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ, օրինակ՝ նշանակի ընկերության ղեկավար կազմ, իհարկե նաև մեր կողմի համաձայնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Քաղաքը, որտեղ զբոսնում են հաճույքի համար»․ բրիտանացի ամուսիններին հիացրել է Հայաստանը

Նոր ավիաընկերությունը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից, որը նշանակվելու է «Էյր Արաբիայի» և ԱՆԻՖ-ի համատեղ որոշմամբ։ Ընկերությունը կշահագործվի «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն։

Նշվում է, որ ընկերության նպատակներից մեկն է նոր աշխատատեղերի ստեղծումը, ուստի ներգրավվելու են հայ օդաչուներ, ինժեներներ, անձնակազմ։

Ընկերության անվանակոչության համար կա ավելի քան 300 առաջարկ ու հանրության շատ ակտիվ մասնակցություն։ Մրցույթը կամփոփվի 3 շաբաթից։

Ավիաընկերությունը շուտով կսկսի գործել։ Կտրվեն Օդանավ շահագործողի վկայականի ստացման աշխատանքները, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

Հիշեցնենք`հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, ըստ այդ փաստաթղթի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։