ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունը բյուջեից լրացուցիչ 8.9 մլրդ դրամ կհատկացնի մայրաքաղաքից մինչև Իրանի սահման ավտոճանապարհների վերանորոգման համար։
2021թ–ի բյուջեում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր հաստատվեց գործադրի հերթական նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմելու է 50.7 կմ, որից 44.9կմ–ը միջպետական նշանակության ավտոճանապարհներ են, 1.7կմ–ը` հանրապետական, 4.15 կմ–ը` մարզային նշանակության։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական և Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհները, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը, Խոր Վիրապին մոտեցող հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Արթիկ – Անուշավան – Փանիկ և Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի մարզային նշակության ավտոճանապարհները։
Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվել էր 40 տարի առաջ. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը ծրագրել է առաջիկա 5 տարիների ընթցքոում կառուցել 2600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամաբարների շինարարություն։
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ–ում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագրերն ամբողջությամբ իրականացնել»,– ասաց Փաշինյանը` արտերկրում գործող շինկազմակերպություններին ու առաջին հերթին Սփյուռքի հայազգի գործարարներին հրավիրելով համագործակցության։