Արցախում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիներն աջակցություն կստանան

Արցախում այս պահի դրությամբ տարբեր գույքային կորուստների վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է ավելի քան 3 900 դիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Արցախում մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները

«Տվյալ ծրագրի շրջանակում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված)»–գրել է Արցախի նախագահը:

Այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3 900 դիմում:

ԱՀ նախագահի հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն:

Արցախցիները նախկինում կազմում էին տարիների պլաններ, այժմ ապրում են մեկ օրով. պատգամավոր

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: