Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Երևանի դատարանի որոշումը կարելի է համարել արդարադատության հաղթանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այսօր դատարանի շենքի մոտ հայտնեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

«Պրոֆեսոր Չարչյանը վերցնելու է մանդատը այս փուլում», - ասաց նա։

Վարդևանյանի կարծիքով՝ Երևանի դատարանի որոշումը կարելի է համարել արդարադատության հաղթանակ։

«Բոլորիս շնորհավորում եմ։ Ցավոք սրտի, անարդարությունը երկար տևեց, բայց արդարությունը հաղթեց», - ասաց նա։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությանը` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց։

Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրին նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:

Այսօր դատարանը 15 մլն դրամ գրավի և երկրից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակեց Չարչյանին։