Չարչյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շահած դուրս եկավ. բժիշկը հիվանդանոց չի վերադառնա

Այն մասին, որ Արմեն Չարչյանն այս փուլում վերցնելու է պատգամավրական մանդատը, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել էր այսօր դատական նիստից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շահած է դուրս գալիս։ Այս մասին նա հայտարարեց այսօր ՔԿՀ–ից դուրս գալուց հետո, մուտքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես մի ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, շատ–շատ հետաքրքիր գրքեր կարդացի (ժամանակ ունեի կարդալու), հեռուստացույց էի նայում, որոշակի «անալիտիկաներ» եղան այդ ընթացքում։ Ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում, գիշերը ժամը 3-ին չէին զանգում, ասում, որ հիվանդանոցում այսինչ դեպքը կա»,– ասաց նա` հավելելով, որ տուժեցին այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ այն բոլոր քաղաքացիները, որոնց ինքը կարող էր մասնագիտական բարձրակարգ օգնություն ցույց տալ։

Այդուհանդերձ, կալանքից ազատվելուց հետո Չարչյանը հիվանդանոց չի վերադառնալու։

«Այսօր իմ առաջ երկու հնարավորություն կա՝ վերադառնալու «Իզմիրլյան» ԲԿ տնօրինությանը, երկրորդ՝ ընդունել ԱԺ պատգամավորի մանդատը «Հայաստան» դաշինքի կողմից և իմ գործունեությունը շարունակել ԱԺ-ում»,-ասաց նա։

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան

Ու մինչ բժիշկը կհայտներ, թե որ ճանապարհն է ընտրելու, նրա փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն լրագրողներին ասել է, որ Չարչյանը մանդատը վերցնելու է։

«Դե, եթե պաշտպանն արդեն հայտարարել է, ես իրեն լրիվ հավատում եմ»,– արձագանքեց բժիշկը։

Այն մասին, որ Արմեն Չարչյանն այս փուլում վերցնելու է պատգամավրական մանդատը, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել էր այսօր դատական նիստից հետո, երբ դատարանը բավարարել էր միջնորդությունը Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով ու չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությանը` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց։

Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրին նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:

Այսօր դատարանը 15 մլն դրամ գրավի և երկրից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակեց Չարչյանին։