ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինծառայողները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Իրադրության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10« անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ:
«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները վերահսկման միջոցառումներ են կատարում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գոտում։ «Ֆորպոստ» ԱԹՍ-ի հաշվարկը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», - հայտնել է անօդաչու ավիացիայի հաշվարկման պետ Իգոր Պետրեևը:
Կենտրոնի զինծառայողները իրական ժամանակի ռեժիմում անօդաչու թռչող սարքերից տվյալներ ու պատկերներ են ստանում կառավարման այն կետին, որտեղ իրադրության շուրջօրյա հսկողություն է իրականացվում պատասխանատվության գոտու գրեթե ողջ տարածքում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է 2021-ի հունվարի 30-ին՝ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:
Խաղաղապահների մարդասիրական ակցիան Արցախի հեռավոր Մաճկալաշեն գյուղում․ տեսանյութ
Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: Կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։