ՌԱԴԻՈ

Իշխանությունը խաբո՞ւմ է. ինչու է հեռանում ՊԵԿ «վերնախավը»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ-ում հնարավոր պաշտոնանկություններին, նշել, թե ինչը կարող էր նման որոշման պատճառ լինել։ 
Sputnik
Իշխանությունը խաբո՞ւմ է. ինչու է հեռանում ՊԵԿ «վերնախավը»

Եթե իշխանություններն անընդհատ խոսում են հարկային եկամուտների աճի մասին, նշանակում է կառավարությունն ընդհանուր առմամբ գոհ է ՊԵԿ-ի աշխատանքից, բայց որոշել է ղեկավարությանը փոխել՝՝ այստեղ որևէ լոգիկա չկա, միակ պատճառը կարող է քաղաքական լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործարար Սամսոն Գրիգորյանը` մեկնաբանելով ՊԵԿ նախագահի, նրա տեղակալի մասին հնարավոր պաշտոնանկությունների վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները։

«Քաղաքական իշխանությունն անընդհատ շեշտում է, որ աշխատատեղեր են ավելացել, հարկային եկամուտներն են անընդհատ ավելանում, և մեկ տարում կաշառակերության 1-2 դեպք է ԱԱԾ-ն բացահայտել։ Կարծում եմ`դա հրաշալի ցուցանիշ է, և տվյալ ՊԵԿ նախագահին կարելի էր շատ բարձր պարգևների ներկայացնել»,- ասաց նա։

Իրանից մեծ ուղևորահոսքի պատճառով Մեղրիի անցակետում կուտակումներ են առաջացել. ՊԵԿ

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, ՊԵԿ-ում աշխատակիցների «կոտորածի» պատճառներից մեկն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որտեղ ՊԵԿ ղեկավարները «պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել»։ 

Գրիգորյանը սա ևս հնարավոր սցենար է համարում։ 

«Չեմ բացառում, որ համապատասխան պաշտոնյանները չկարողանան գտնել լծակներ թեկուզ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վրա, և դրա պատճառով ամեն ինչ լինի այսպիսին։ Ամեն ինչ հնարավոր է»,- նշեց նա։

Գրիգորյանը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում. եթե քաղաքական իշխանությունը նման որոշում է կայացրել` չի բացառվում, որ այս ընթացքում կառավարությունն ու ՊԵԿ-ը խաբեությամբ են զբաղվել։

«Հնարավոր է` մեզ խաբել են. իրականում ամեն ինչ այդքան էլ լավ չի եղել, կոռուպցիան ավելի շատ է եղել, կամ հավաքագրումներն են քիչ եղել»,- ընդգծեց գործարարը։

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, գործարարը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի և բոլոր փարձառու մասնագետների վերաբերյալ մեկ դիտարկում ունի. ազնիվ չէ, երբ որևէ պաշտոնյա իր ոլորտում մեծ առաջընթաց է գրանցում և հանկարծ հեռանում է այդ ոլորտից։

ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել խախտումները չնկատելու համար. ԱԱԾ

Նշենք, որ մամուլը գրում է, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանին փոխարինելու է արդարադատությայն նախարար Ռուստամ Բադասյանը. Հովհաննիսյանն աշխատակազմին արդեն իսկ տեղեկացրել է իր հեռանալու մասին։ Տեղեկություններ են շրջանառվում նաև նրա առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի պաշտոնանկության վերաբերյալ։