ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։
«Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը: Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։ Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու»,– գրել է նա։
Քոչարյանը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ազգային ժողով չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։
«Ֆրակցիան դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։ Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,– եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել