Էրդողանը պատրաստ է բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ քայլեր է ձեռնարկում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Թուրքիան ծրագրում է Աֆղանստանում իր հնարավոր ռազմական ներկայության վերաբերյալ բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին է ասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թալիբները թուրքերին ասում են Go home և գնդակահարում գերիներին. ի՞նչ է լինելու հետո

««Թալիբանը» չի ասել, որ դեմ է թուրք զինվորականների ներկայությանը, նրանք լավ գիտեն մեր դիրքորոշումը: Մենք ունենք ծրագրեր և իրականացնում ենք դրանք: Այժմ մեր արտաքին գործերի նախարարությունը և ես անձամբ անում ենք այդ քայլերը։ Մենք բանակցություններ կվարենք, կտեսնենք, թե ինչ կլինի դրանից հետո», - ասել է Էրդողանը:

Էրդողանը թալիբներին հորդորել է թուրք զինվորականներին չդիտարկել որպես օկուպանտներ:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան առաջարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը։ Ավելի ուշ նա ասել էր, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի ու Աֆղանստանի հետ: Միևնույն ժամանակ կառավարության անվտանգության և պաշտպանության ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աջմալ Շինվարին ասել էր, որ աֆղանական ուժերը պատասխանատու կլինեն Քաբուլի օդանավակայանի համար Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո, իսկ օտարերկրացիները կզբաղվեն միայն տեխնիկական աշխատանքով:

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

Ի պատասխան «Թալիբանը» հայտարարել էր, որ իրենք դեմ են Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայմանը, քանի որ դա խախտում է երկրի ինքնիշխանությունը: Թալիբները նշել են, որ Անկարայի կողմից այդպիսի որոշումը խնդիրներ կառաջացնի Թուրքիայի և Աֆղանստանի ժողովուրդների միջև, և զգուշացրել էին, որ եթե թուրք զինվորականները մնան Աֆղանստանում, կդիմակայեն նրանց, և հետևանքների համար պատասխանատվությունը կկրեն նրանք, ովքեր միջամտել են ներքին գործերին:

* «Թալիբանը» արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

«Բայդեն, շնորհակալություն զենքի համար». ո՞վ է թալիբներին աջակցում Աֆղանստանում