Հորդառատ անձրևների պատճառով Ավստրիայում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ

Ջրի մեծ հոսքերը «սրբում» են ամեն ինչ իրենց ճանապարհից՝ հեղեղելով բնակավայրերը։ Ավստրիայի կանցլերը խոստացել է օգնել ջրհեղեղի հետևանքով բոլոր տուժածներին։
Sputnik

«Բերնդ» ցիկլոնը Գերմանիայից տեղափոխվել է Ավստրիա։ Հորդառատ անձրևների պատճառով ջրի տակ են անցել երկրի մի քանի շրջաններ։

Ջրհեղեղի հետևանքով Գերմանիայի էրֆթշտադտ քաղաքում տներ են ավերվել. տեսանյութ

Kurier պարբերականը հայտնում է, որ տարերքի հետևանքով առավել լրջորեն տուժել է Զալցբուրգի դաշնային երկրամասի Հալեյն քաղաքը։ Այնտեղ ափերից դուրս է եկել Կոտբախ գետը։

Քաղաքապետ Ալեքսանդր Ստանգասինջերը հայտարարել է, որ բնակիչները պետք է լքեն աղետի գոտին։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը խոստացել է աջակցություն ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին։

Տեղում վիրավորների կամ անհայտ կորածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Նշենք, որ Արևմտյան Եվրոպայում այս օրերի ջրհեղեղը խոշորագույնն Է դարձել վերջին 20 տարվա ընթացքում։ Հեղեղվել են Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների որոշ շրջաններ։

Մասնավորապես, Գերմանիայում տարերքի զոհերի թիվն արդեն հասել է 156-ի, տուժել է 670 մարդ։