Շառլ Միշելը Հայկ Մարությանի հետ շրջել է Երևանի մետրոպոլիտենում. լուսանկարներ

Նոր թափ կհաղորդվի էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում: Տեղեկությունը Facebook -ի պաշտոնական էջում հայտնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հիշեցնում է, որ Եվրամիությունը Երևան համայնքի կարևորագույն գործընկերներից է։ ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն երկար տարիներ է՝ արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը։ Դրա շնորհիվ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն: Մարությանն ընդգծում է՝ համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:

«Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպայի միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ: Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան է ժամանել հուլիսի 16-ին. նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ, բանակցություններ է անցկացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների ավարտին նրանք հանդես են եկել հայտարարություններով։

Միշելը Փաշինյանի հետ բանակցելուց հետո ասաց` ինչ է ցանկանում Եվրամիությունը