Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել. գլխավորում է Վահրամ Դումանյանը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծվելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել, տեղեկացնում են ԸԳՄՍ նախարարությունից։ Տասնհինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

«1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին՝ ԱՄՆ-ում:

Ջիվան Գասպարյանը մեծ վարպետ էր. Փիթեր Գեբրիելը հուզիչ գրառում է արել