«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել են ստանդարտ ուղղություններ, որոնք առաջարկվում են բոլորին` տեղացիներից մինչև եկվորներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանյան տուրիզմը գրավում է միջինից բարձր տարիքի զբոսաշրջիկներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը։

«Մենք պետք է երիտասարդությանն առաջարկելու բան ունենանք։ Արդեն որոշ բաներ նշմարվում է, ու ես հույս ունեմ, որ այդ միֆը կկոտրվի, թե Հայաստանը մեծերի տեղ է», – ասաց նա։

Ինչ վերաբերում է հայաստանյան տուրիստական ուղղություններին, Դիանա Մնացականյանի խոսքով` մեր երկրում տարիներ շարունակ ձևավորվել են ստանդարտ ուղղություններ, որոնք առաջարկվում են բոլորին` տեղացիներից մինչև եկվորներ։ Բայց վերջին շրջանում շատ ավելի մեծացել է ոչ ստանդարտ տուրերի, ուղղություննրի պահանջարկը։

Վարդավառը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաև զբոսաշրջիկները. տոնի ուրախ լուսանկարները

«Այսինքն` բացի մեր իմացած Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջանից, նաև նոր տեղեր ունենք, ուր արդեն զբոսաշրջիկներն այցելում են, ու դա հիմնականում մեր տուրօպերատորների, գիդերի նվիրված աշխատանքի շնորհիվ է, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր տեղեր բացահայտելու ու զբոսաշրջիկին ներկայացնելու համար»,– ասաց նա։

2019թ–ին, նրա խոսքով, Հայաստանում մեծ տարածում էին գտել քայլարշավները, որոնք կորոնավիրուսի պատճառով 2020–ին գրեթե վերացան, բայց ոլորտի մասնագետն այս տարի դարձյալ ակտիվացում է նկատում։

Հայաստանում վերջին 1-2 տարիներին ակտիվացել է նաև ներքին տուրիզմը։ Դիանա Մնացականյանի խոսքով` այսօր ՀՀ մարզերում կարելի է տեսնել մեծ թվով ՀՀ քաղաքացիների, որնք սկսել են ճամփորդել ու բացահայտել իրենց սեփական երկիրը։ Սա արդեն կորոնավիրուսի դրական ազդեցությունն է, որը ստիպեց հայերին մնալ տանն ու շրջել երկրի սահմանների ներսում։

Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը

Բայց միայն կորոնավիրուսով հարցը չի լուծվի։ Մեր զրուցակցի դիտարկմամբ` շատ լուրջ անելիքներ ունի կառավարությունը։ Նրա խոսքով` գործադիրը պետք է 5 տարին մեկ մշակի տուրիզմի զարգացման ռեալ ռազմավարություն, իրականություն դարձնի թղթի վրա գրվածն ու անցնի հաջորդ 5 տարվա անելիքների մշակմանն ու իրագործմանը։

«Մենք այսօր, ցավոք, պատմամշակութային վայրերի բարեկարգման խնդիր ունենք. մենք մտնում ենք ամրոցներ (հրաշալի ամրոցներ ունենք), որտեղ կովեր են պտտվում»,– ասաց Մնացականյանը։

Հայաստանի մարզերում խնդիր է մնում նաև զուգարանների բացակայությունը։ Շատ հաճախ ճանապարհներին բացակայում են նաև կողմնորոշիչ ցուցանակները։

«Հայաստանը ոչինչ չի ստիպում»․ փորձագետը խոսել է զբոսաշրջային ոլորտում տիրող վիճակի մասին