ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Առաջին ատյանի դատարանը շարունակում է քննել դատախազության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարանի շենքի առջև լրագրողների հետ զրույցում Առուշանյանն ասաց, որ կանխատեսումներ չունի` կապված դատարանի որոշման հետ:
«Կանխատեսումներ չանեմ, կարծում եմ` նույնը կլինի, էլի, խնդիր են դրել, խնդիր են կատարում։ Մեղադրանքը շինծու է, անլուրջ է»,- ասաց Առուշանյանը։
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշել է, որ գործը բացառապես քաղաքական է, որևէ իրավական գործընթաց չկա:
«Այստեղ գործ չունենք առհասարակ իրավաբանության հետ, գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Այս ամեն ինչը ձևական գործընթաց է, սակայն մենք պարտավոր են պաշտպանել Առուշ Առուշանյանի սահմանադրական իրավունքը», - ասաց նա:
Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություն էր ներկայացրել Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության համար։
Հանձնաժողովն այսօր բավարարել է Առուշանյանի վերաբերյալ միջնորդությունը։