Պարգևավճար մարտին են ստացել. հավելյալ 200 000 դրամը պատգամավորների համար ի՞նչ խնդիր կլուծի

ԱԺ–ն քննարկում է մի նախագիծ, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱԺ պատգամավորների նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։ ԱԺ նիստում նման կարծիք հայտնեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. պատգամավորների եկամուտները կավելանան 200 000–ական դրամով

Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։ Նախագծով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ ԱԺ–ն քննարկում է նախագիծն առաջին ընթերցմամբ։

«Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ, սա մեծ աջակցություն է իրենց համար»,–ասաց Ենգիբարյանը։

Նրա խոսքով` նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. 2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ։ Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի։ Հավելենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է` գործող գումարման ԱԺ–ից 25-ով պակաս։

Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել

«Ի դեպ, վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն»,–ասաց Ենգիբարյանը։

24 ժամվա ընթացքում կլինի նախագծի երկրորդ ընթերցումը։ Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։