ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի կայքը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և հույս հայտնել, որ այս օլիմպիական խաղերում ՀՀ–ն ներկայացնող մարզիկները կունենան կոնկրետ արդյունքներ:
«Հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։ Կասկած չկա, որ յուրաքանչյուր մարզիկն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը օլիմպիական հարթակից ներկայացնելու համար», - ասել է Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ամեն ինչ արել է և կշարունակի անել՝ մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ 3-5 մեդալ են ակնկալում։
«Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ օլիմպիական, և՛ աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- նշել է Ծառուկյանը:
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդ կմասնակցի
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ամենօրյա կապի մեջ են եղել Օլիմպիական կոմիտեի հետ, որևէ չլուծված խնդիր չի մնացել, սակայն հավելել է, որ օլիմպիական պարգևավճարները վերջին տարիներին չեն վերանայվել:
Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցին կտրվի անհրաժեշտ լուծում:
Նշենք, որ օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցում է 8 մրցաձևերից 17 մարզիկ։
Հիշեցնենք` Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23–ից օգոստոսի 8–ը։
4 օր արձակուրդ, 5 օր վատ եղանակ. Փաշինյանին զայրացրեց օլիմպիականներին գույք չգնելու թեման