Երևանում հորդառատ տեղումների հետևանքով անձրևաջրերը լցվել են ավտոկայանատեղի, տուն, խանութ

Փրկարարները Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին, ժամը 20։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։

 ***

Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։

***

Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոկայանատեղի։ 

Տեղատարափ անձրևները հեղեղել են Ղրիմը. ավելի քան 1700 մարդու են տարհանել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

Փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և «Hyundai» մակնիշի միկրոավտոբուս և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 2000 քմ տարածքում: