ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գործարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Փափազյանը։
«Մենք գիտենք, որ նա ընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաև այդ փաստը։ Սակայն վստահ ենք, որ որքան շատ ավիաընկերություններ լինեն հայկական շուկայում, այնքան ավելի շատ օգուտ կլինի մեր քաղաքացիներին»,-ասել է նա։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գործարարը ավիաընկերություն է հիմնում, որը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային փոխադրողի կարգավիճակ կստանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա Air Arabia-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող արդեն ունեցել է։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (պետական մասնակցությամբ) գործել է 1991-2003թթ., այնուհետև սնանկացել է։ Դրանից հետո ազգային փոխադրողի կարգավիճակն անմիջապես շնորհվել է Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը։ 2013թ․-ին ընկերությունը նույնպես սնանկ հայտարարվեց։ Դրանից հետո իշխանությունները «բաց երկնքի» քաղաքականություն էին վարում։
Արդեն հեղափոխության ալիքի վրա եկած նոր իշխանությունները ևս ազգային ավիափոխադրող չէին ուզում։ Դեռ 2019 թ․-ին Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ներկա փուլում Հայաստանին պետական ազգային փոխադրող պետք չէ։ Նա կարծում էր, որ պետությունը չի կարողանա կարգավորել ավիափոխադրումների հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ շատ բարձր ծախսերի պատճառով։
ՀՀ–ն «AirArabia»-ի հետ համատեղ նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեց