Բաքվում դատախազը ՌԴ քաղաքացու համար 11 տարի է պահանջել

Ամբաստանյալի փաստաբանը հայտարարել է, որ Էդուարդ Դուբակովը Ադրբեջանի ԶՈւ–ի դեմ չի կռվել, և խնդրել է դատարանին այդ փաստը որպես «մեղմացուցիչ հանգամանք» դիտարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բաքվում կայացել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված գործով հերթական դատական ​​նիստը:

Փաստաբանները պատրաստ են գնալ Բաքու` գերիներին օգնելու. ի՞նչ է պետք դրա համար

Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ Դուբակովն իբրև Արցախում մասնակցել է ՀՀ ԶՈւ զորավարժություններին։

Դատախազը պահանջել է Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման և պատիժը կրելուց անմիջապես հետո արտաքսել։

Ամբաստանյալի փաստաբանը հայտարարել է, որ Դուբակովը Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ չի կռվել, և խնդրել է դա դիտարկել որպես «մեղմացնող հանգամանք»։ Դատավարությունը կշարունակվի հուլիսի 22-ին։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները պնդում էին, որ Դուբակովը կռվել է ԼՂ–ում՝ հայկական կողմից։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել «ահաբեկչություն», «մասնակցություն հանցավոր խմբավորմանը», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Նշենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Էուլջեքչյանից բացի Բաքվում այլ կեղծ գործերով դատավարություն է ընթանում գերեվարված մոտ 20 հայի նկատմամբ։

«Հայաստանին առաջարկել ենք հարաբերությունները կարգավորել»․ Բաքուն հայտարարություն է արել

ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը։ ԱԳՆ–ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը պահանջել էր Բաքվից անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին։