ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Այս մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։
Նախագահը պետական տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու շարունակական զարգացում:
Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդադարձել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև մտքեր փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
«Թանկագին Նիկոլ». Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին
Նախագահ Արմեն Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին։ Ուղերձում ասվում է, որ Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և Մակրոնի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը հսկայական ներուժ են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար: Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և մասնավորապես Ձեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման», - գրել է Սարգսյանը։
Նա նշել է, որ մոտ ապագայում առիթ կլինի ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ենք ունեցել քննարկել:
«Հատկապես կցանկանայի նշել ATOM (Advanced tomorrow - Ժամանակն առաջ) նախագահական նախաձեռնությունը, սննդի անվտանգությունը, փոքր և հաջողակ պետությունների ակումբի ստեղծումը, «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագիրը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը», - գրված է ուղերձում։
Ուղերձի վերջում Սարգսյանը մաղթել է Մակրոնին անսպառ եռանդ և հաջողություն, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն:
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին