Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

Զինծառայությունը Մարտունիում անցկացրած բժիշկը 2 տարի անց վերադարձավ նույն տեղը՝ այս անգամ արդեն զինվորների կյանքեր փրկելու ոչ թե խաղաղ, այլ պատերազմի օրերին։
Sputnik

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանն Արցախում որպես զինվորական բժիշկ ծառայության ժամանակ ԱՀ պաշտպանության նախարարից ժամացույց էր նվեր ստացել։ Տարիներ շարունակ անխափան աշխատանքից հետո նոյեմբերի 9-ին ժամացույցի սլաքներն անշարժացան։ Այդ օրվանից 8 ամիս անց Գևորգը ժամացույցը դեռ վերանորոգման չի հանձնել, ամեն անգամ այն ձեռքը վերցնելիս աչքի առջև են Մարտունիում անցկացրած զինծառայության երկու երջանիկ տարիներն ու նույն Մարտունիում տեսած պատերազմի 15-օրյա դժոխքը։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

Գևորգը Շիրակի մարզից է, այն, որ պետք է բժիշկ դառնա, կարծես թե այլընտրանք չուներ։ Մայրը գենետիկայի մասնագետ է, փոքրուց թե որդուն, թե շրջապատին ներշնչել էր՝ Գևորգը բժիշկ է դառնալու։

«Չգիտեմ, երևի իր կիսատ մնացած երազանքն էր, որ իմ վրա պրոյեկտեց»,- ծիծաղում է Գևորգն ու ավելացնում՝ ամեն դեպքում բժիշկ դառնալը ճիշտ էր։ Ճիշտ էր նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ դառնալու որոշումը։ Ու սա Գևորգն ասում է մի ամբողջ գիշեր չքնելուց կարմրած աչքերով, քանի որ մեր հարցազրույցը բուժկենտրոնում անցկացրած հերթապահության առավոտյան էր։ Այն, որ գիշերն ու ցերեկն իրար են խառնվում, գիշերներն ավելի հաճախ արթուն, ցերեկներն էլ ստիպված քնած ես անցկացնում ոչինչ են, երբ գործ ունես փրկված կյանքերի հետ։ Իհարկե, սթրեսն էլ է շատ։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

«Ժամանակի ընթացքում օրգանիզմդ այնքան սթրես է ապրում, որ կոփվում ես։ Սկզբում դժվարություններ շատ են եղել, փորձդ ու գիտելիքներդ դեռ այն մակարդակի չեն, որ կարողանաս էմոցիաներդ մի կողմում թողնել։ Հիմա արդեն նույն սթրեսի ժամանակ սրտիս աշխատանքն այնքան չի արագանում, ինչքան առաջ, ճնշումս էլ այնքան չի բարձրանում, որքան առաջ»,- կատակում է Գևորգը։

Բժշկական համալսարանի օրդինատուրան ավարտելուց հետո Գևորգ Մսրյանն իր զինծառայությունն անցկացրեց Արցախում՝ որպես զինվորական բժիշկ։

Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին

«Դրանք լավագույն 2 տարիներն էին թե՛ աշխատանքի, թե՛ շրջապատի առումով, թե՛ այն պատճառով, որ Արցախում էի։ Դա նաև լավ դպրոց էր, շատ պատասխանատու տարիներ էին, հույսդ չէիր կարող շատ մարդու վրա դնել, պատասխանատվություն էիր կրում մի քանի պաշտպանական շրջանի լայն սահմանահատվածի զինվորների կյանքի համար, ամեն գիշեր ու ամեն օր մտածել ես՝ եթե հանկարծ սկսի լայնածավալ գործողություններ, ինչ պետք է անես։ Էդ պատասխանատվության զգացողությունը չի թողել, որ հանգիստ քնես»։

24 ամիսների բոլոր 24 ժամերի ընթացքում հեռախոսը միշտ Գևորգի հետ էր ու միշտ հասանելի։ Ասում է՝ անգամ լողանալիս հեռախոսից չէր բաժանվում։ Այդ երկու տարիների ընթացքում սովորեց ոչ թե արագ, այլ գերարագ աշխատել։

«Դեպք է եղել, որ զինվորը վիրավորումը ստացել է իմ հոսպիտալից 12-13 կմ հեռավորության վրա, քանդված ճանապարհ․․․ Հեռախոսազանգը ստացել եմ տանը, 17 րոպե հետո վիրավորը եղել է վիրահատարանում՝ անզգայացած, կտրվածքի պատրաստ։ Մայրաքաղաքի որոշ հիվանդանոցներում այդ ընթացքում ընդունարանից վիրահատարան են հասցնում»։

Նշում է՝ 2018 թվականի ընթացքում բավականին շատ վիրավորումների դեպքեր եղան, բայց 2 տարիների ընթացքում իր տեսածը համեմատելի չէր նախորդ տարվա 15 օրերի հետ։ Պատերազմի սկսվելուց երկու օր անց Արցախում էր, սկզբում գնաց Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, տեսավ կադրային խնդիր չկա, շտապեց Մարտունու զինհոսպիտալ, որտեղ ծառայության երկու տարիներն էին անցել։ Զինհոսպիտալը տարհանվել էր, այլ վայր էր տեղափոխվել, բայց այդտեղ էլ խնդիր չկար, փոխարենը անեսթեզիլոգ-ռեանիմատոլոգի կարիք կար Մարտունու քաղաքային հիվանդանոցում, որը սահմանից արդեն մոտ 4 կմ հեռավորության վրա էր։ Այստեղ սթրեսային էր ոչ միայն աշխատանքի ծավալը, այլև պայմանները՝ աշխատում էր խոշոր տրամաչափի զինատեսակների գնդակոծության տակ, քիչ քնում ու  ամեն առավոտ արթնանում էր ռմբակոծությունից։ Գևորգն ասում է՝ անձնակազմի 90 տոկոսին էլ արյան դոնոր էր դարձրել, որովհետև առաջին օրերին արյան պակաս էլ էր լինում։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

«Մի օր ближний бой էր եղել, այդ օրը հիմնականում հրազենային վիրավորումներ էին բերում, մինչև դա ականապայթյունային էին։ Ընկերներից մեկը՝ բժիշկ Մայիս Հայրապետյանը վիրավորներ բերեց՝  մի սանիտարական մեքենա ու մեկ «ԿամԱԶ», երևի 30-ից ավելի վիրավոր էին։ Երկու վիրահատարան ունեինք, պետք է շատ արագ կարողանայինք կողմնորոշվել՝ ով է ծայրահեղ ծանր, ում առաջինն օգնենք, ում ուղարկենք արդեն թիկունքային հոսպիտալ։ Դասակարգում էին՝ առաջին վիրավոր, երկրորդ վիրավոր․․․ Պատասխանատու գործ էր, կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ ենք արել, մեր դասակարգման պատճառով կյանքեր չենք կորցրել»։

Գևորգի խոսքով՝ այս պատերազմում ոչ մի վերք մյուսին նման չէր, տպավորություն էր, թե ամեն մեկի վրա նոր զենք էին փորձարկում։ Մի բան էր ընդհանուր. անկախ վերքի խորությունից, վիրավորման ծանրությունից՝ ոչ մի վիրավոր «ախ» չէր ասում։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

«Անտրամաբանական էր, ոնց որ իրենք ցավ չզգային․․․ Մենք՝ իրենց հետ աշխատող բժիշկներս, ավելի շատ ցավ էինք երևի զգում, իրենց մոտ ցավ չկար, վախ չկար, ծանր վիրավոր ասում էին՝ հետ ենք գնալու։ Կարող է ոչ մի պերիֆերիկ երակային կատետր դնելու հնարավորություն չունենայի, որովհետև չորս վերջույթն էլ վնասված լինեին․․․ Էդպես շատ էր լինում։ Մի տղա կար, վզի մեջ մի 5-6 սմ «ասկոլկան», մի շաբաթ մնացել էր առաջին գիծ, հետո ինֆեկցվել էր, եկավ, հեռացրեցինք, բայց չկարողացանք համոզել, որ մնա հոսպիտալում կամ թիկունքում»։

Գևորգը նշում է՝ որքան էլ 18-19 տարեկան տղաների «դուխը» ոգևորող էր, բայց թևաթափ էին լինում ստացվող լուրերից, որովհետև, ցավոք, հաջողությունների մասին ստացվող տեղեկությունները քիչ էին։ Բայց դրանց շուրջ մտածելու, «հաղթելու ենք, չենք հաղթելու»-ի մասին մտածելու ժամանակ չունեին։ Առհասարակ, էմոցիայի ժամանակ չկար։

«Նախավերջին օրը գիշերը հեռախոսի լույսով արհեստական շնչառություն էի անում վիրավորին, լույս չէինք միացնում, որովհետև ԱԹՍ-ները թռչում էին ու էդ տեսածդ լույսը կարող էր կյանքումդ վերջին տեսած բանը լինել։ Պայթյուն լսեցի ու տաքություն զգացի դեմքիս վրա, արդեն շենքից դուրս էի եկել, ոչ մի ձև պաշտպանված չէի, բայց չէի կարող զինվորին թողնել, որովհետև ինքնուրույն չէր շնչում․․․ Հետո իմացա, որ «Գրադի» պայթյունից վնասվել էր այն տունը, որտեղ երկու տարի ապրել էի ծառայության ժամանակ, ֆուտբոլի դաշտում երկու «ԿամԱԶ»-ի չափ փոս էր առաջացել։ Բայց դրա մասին արդեն Երևան վերադառնալուց հետո էի մտածում, հիշողությունները հետո էին գալիս»։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

Հոկտեմբերի կեսերին Գևորգը վերադարձավ Երևան։ Խոստովանում է՝ դրանից հետո ամաչում էր զանգահարել ընկերոջը՝ Մայիսին, որը մնացել էր Արցախում ու շարունակում էր ամեն ժամ իր կյանքը վտանգի ենթարկելով՝ կյանքեր փրկել։

«Մայիսը սեպտեմբերի 26-ին էր նշանվել, հենց հաջորդ օրն էլ Արցախ մեկնեց։ Ինչքան էլ մեր աշխատանքն էլ էր վտանգավոր, որովհետև կարող էին հիվանդանոցի վրա ռումբ գցել ու մեզնից մի փոս մնար, բայց Մայիսն ամենավտանգավոր գործն էր անում, ինքը վիրավորների էր տարհանում։ Միասին էինք ծառայել, ասում էր՝ Աստված չանի, որ պատերազմ սկսվի, «Մարտական խաչ» եմ ստանալու։ Էդպիսին էր ինքը, շատ նվիրված էր նրան, ինչ անում էր։ Երևի մի 50-55 կգ էր, փոքրամարմին, բայց գերբնական գործ էր անում․․․»։

«Հիվանդանոց հասանք, կանգնեցի, լրիվ արյուն էի, ոտքերս դողում էին»․ առանց դիպլոմ բժիշկները

Գևորգի ընկերը՝ բժիշկ Արամայիս Հայրապետյանը, զոհվեց պատերազմի վերջին օրը՝ ականի պայթյունից։ Գևորգը նշում է՝ անձամբ ինքը պատերազմը պարտվել էր այն օրը, երբ հետ էր եկել Երևան, մնացած բոլորը, ովքեր մնացին Արցախում՝ անկախ պատերազմի ելքից, նրանք հաղթեցին․․․