ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik.Քննչական կոմիտեն պարզել է մարդու առևանգման դեպքով մանրամասներն ու երեք անձի մեղադրանք առաջադրել։
Պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականն իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ կնոջ մտերմիկ հարաբերությունների մասին։ Բացի այդ, տնօրենի օգնականն իր հարազատներին ասել է նաև, որ ռեստորանի աշխատակիցը 5 միլիոն դրամ գումար է գողացել։
«2019թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, երիտասարդները ռեստորանի սեփականատիրոջը պատկանող մեքենայով, բռնություն գործադրելով ռեստորանի հիշյալ աշխատակցի նկատմամբ, առևանգել են վերջինիս՝ պատժելու նպատակով: Ճանապարհին մեքենայի մեջ պարբերաբար ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին և պարտադրել խոստովանել սեփականատիրոջ կնոջ հետ մտերմիկ կապի մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք որսորդական և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ տղամարդուն սպանելու սպառնալիքներ են հնչեցրել և, ստանալով «խոստովանությունը»` նվաստացնելու նպատակով նրան տեղափոխել են Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող ռեստորանի տնօրենի օգնականի վարձակալած խոզաբուծարան։ Այստեղ ինքնաձիգից կղանքի հորի մեջ կրակելով՝ ստիպել են տղամարդուն մտնել հորը. վախի ազդեցության տակ՝ նա ամբողջ մարմնով ստիպված ընկղմվել է հորում առկա կղանքի մեջ։
Վարդավառի օրը երկու դեռահասների միջև ծեծ ու դանակահարություն է եղել
Ռեստորանի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը) և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշտանգումը), վերջինիս հորեղբոր տղային և ընկերոջը՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: