Եթե գումարը բավարար չլինի, կմտածենք. Պապիկյանը ծանոթացել է ճանապարհի կառուցման ընթացքին

Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի Sputnik. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շիրակի մարզի այս պահի ամենաակտիվ հատվածում ասֆալտբետոնյա ծածկի խոշորահատիկ առաջին շերտն է փռվում:

«Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. Ռոբերտ Քոչարյան

Աշխատանքներին հետևում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները:

Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Սա թույլ կտա այն երթևեկելի դարձնել:

«Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն էնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարեն: Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարություն, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,-ասաց Պապիկյանն ու տեղեկացրեց, որ ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի:

Իրանը ցանկություն էր հայտնել իր մասնակցությունն ունենալ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը: Կա՞ արդյոք նման ցանկություն այժմ: Պապիկյանն ասաց, որ Իրանում ևս նոր են ավարտվել ընտրությունները: Կառավարություններ ձևավորվելուց հետո կշարունակեն այդ խոսակցությունը:

«Հյուսիս–հարավը» կկառուցվի առաջանցիկ տեմպերով, իսկ Աշտարակ–Թալինը դեռ կմնա կիսատ

Իսկ Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: «Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, կառավարությունն էլ որոշում ունի, ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը:

Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ ինչպես, որ խողովակով, և կատարել մեր հետագա աշխատանքները»,-ասաց Պապիկյանը:

Անկախ Եվրամիության աջակցությունից՝ որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի, չի եղել:

«Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ, կհասկանանք՝ ոնց կազմակերպենք: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետ 250 մլն դոլար մինչև Ագարակ: Հավանաբար գումարը բավարար կլինի, եթե ոչ՝ կմտածենք»,-նշեց Պապիկյանը:

Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցով

Ճանապարհահատվածներ կան, որոնց հետ կապված խնդիրները դատական հարթակում են վիճարկվում: Թե ինչ է լինելու դրանց հետ, դեռ հստակ չէ: Սուրեն Պապիկյանն ասաց, որ բանակցում են, որպեսզի դադարեցված շինարարությունը վերսկսելու հնարավորություն ստեղծվի կամ նոր մրցույթ հայտարարվի, կամ կապալառուին ինչ-որ տարբերակով աշխատանքը շարունակելու իրավունք տրվի:

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները` միանալով վրացական ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ:

Ներդրումային ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: