Պուտինը Ուկրաինայի մասին հոդված է գրել, որը հրապարակվել է Կրեմլի կայքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ երկու երկրների քաղաքացիներն էլ կընթերցեն իր հոդվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել ռուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական միասնության մասին։ Հոդվածի ամբողջական տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Նշվում է, որ հոդվածը լույս է տեսել նաև ուկրաիներեն։ ՌԴ նախագահն իր հոդվածում ընդգծում է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը որպես պետություն հնարավոր է միայն Ռուսաստանի հետ գործընկերության դեպքում։ Իսկ վերջին տարիներին երկու պետությունների միջև առաջացած պատը նա ընկալում է որպես ընդհանուր դժբախտություն և ողբերգություն։

«Սա նախևառաջ մեր սեփական սխալների հետևանքն է, որոնք թույլ ենք տվել տարբեր ժամանակահատվածներում։ Բայց և այն ուժերի նպատակադրված աշխատանքի հետևանքն է, որոնք միշտ ձգտել են խաթարել մեր միասնությունը։ Բանաձև, որը կիրառվում է, հայտնի է անհիշելի ժամանակներից. բաժանի՛ր և իշխի՛ր։ Ոչ մի նոր բան», – նշվում է հոդվածում։

ՌԴ նախագահը հոդվածում պատմական էքսկուրս է անում` ապացուցելով, որ և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները, և՛ բելառուսները Եվրոպայի խոշորագույն պետություն հանդիսացող Հին Ռուսիայի ժառանգներն են։ Խոսելով ժամանակակից ուկրաինական պետության մասին` Պուտինն ընդգծել է, որ այն ամբողջությամբ խորհրդային դարաշրջանի զավակ է։

Կփոխի խաղի կանոնները. Պուտինն ի՞նչ զենք ունի, որը վախեցնում է բոլորին

«Մենք գիտենք և հիշում ենք, որ այն մեծապես ստեղծվել է պատմական Ռուսաստանի հաշվին», – գրում է ՌԴ նախագահը։

Իսկ նրանց, ովքեր այսօր Ուկրաինան հանձնել են լիակատար արտաքին կառավարման, ավելորդ չի լինի հիշեցնել, որ այն ժամանակ` 1918 թվականին, նման որոշումը ճակատագրական էր Կիևում իշխող ռեժիմի համար։

Պուտինի խոսքով` Ուկրաինան ու Ռուսաստանը տասնամյակներով, դարերով զարգանում էին որպես միասնական տնտեսական համակարգ։ Համագործակցության այն խորությանը, որ կար երկու պետությունների միջև 30 տարի առաջ, այսօր կարող էին նախանձել ԵՄ–ի երկրները։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Ժամանակակից գործընթացները նկարագրելով` ՌԴ նախագահն ընդգծում է, որ Ուկրաինային քայլ առ քայլ ներքաշում էին վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ, որի նպատակն էր` երկիրը խոչընդոտ դարձնել Եվրոպայի և Ռուսաստանի միջև, պլացդարմ Ռուսաստանի դեմ։

«Հակա–Ռուսաստան» նախագծի արևմտյան հեղինակներն այդպես են կարգավորում ուկրաինական քաղաքական համակարգը, որպեսզի նախագահները, պատգամավորները, նախարարները փոխվեին, բայց անփոփոխ մնար Ռուսաստանի հետ բաժանման գաղափարը, նրա հետ թշնամանքը։ Գործող նախագահի նախընտրական հիմնական կարգախոսը խաղաղության հասնելն էր։ Նա դրանով իշխանության եկավ։ Խոստումները սուտ դուրս եկան։ Ոչինչ չփոխվեց։ Որոշակի առումով Ուկրաինայում և Դոնբասի շուրջ իրավիճակը նույնիսկ դեգրադացվեց։

Չհամարձակվե՛ք համեմատել ԽՍՀՄ–ն ու նացիստական Գերմանիան. Պուտինն օրենք է ստորագրել

ՌԴ նախագահը նշում է, որ Ռուսաստանն այսօր բաց է Ուկրաինայի հետ երկխոսություն վարելու համար և պատրաստ է քննարկելու ամենաբարդ հարցերը։ Բայց կարևոր է հասկանալ, որ գործընկերը սեփական ազգային շահերն է պաշտպանում, այլ ոչ թե սպասարկում այլոց շահերը, գործիք չէ որևէ մեկի ձեռքում ՌԴ–ի հետ պայքարելու համար։

Պուտինի խոսքով` Ռուսաստանի և Ուկրաինայի հոգևոր, մարդկային, քաղաքակրթական կապերը ձևավորվել են հարյուրամյակներով, սկիզբ են առնում նույն աղբյուրից, կոփվել ընդհանուր փորձություններում, ձեռքբերումներում և հաղթանակներում։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

«Միասին մենք միշտ եղել ենք ու կլինենք բազմակի անգամ ավելի ուժեղ և հաջողակ։ Չէ՞ որ մենք մեկ ժողովուրդ ենք։ Այսօր այս խոսքերը ոմանք թշնամաբար են ընդունում։ Կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։ Բայց շատերի համար իմ խոսքը լսելի կլինի։ Եվ կասեն մի բան` Ռուսաստանը երբեք «հակա–Ուկրաինա» չի եղել և չի լինի։ Իսկ ինչպիսին կլինի Ուկրաինան, պետք է որոշեն նրա քաղաքացիները», – ասվում է հոդվածում։

Նա համոզված է, որ Ուկրաինայում շատերի համար «հակա–Ռուսաստան» նախագիծը պարզապես անընդունելի է։ Եվ նման մարդկանց թիվը միլիոնների է հասնում։

Հիշեցնենք` քաղաքացիների հետ վերջին ուղիղ կապի ժամանակ Պուտինը խոստացել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի մասին վերլուծական հոդված կգրի, որում կշարադրի հարցի վերաբերյալ իր վերաբերմունքը։ Նա ընդգծել էր, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին մեկ ամբողջություն է համարում։

ՌԴ նախագահը նաև հույս էր հայտնել, որ երկու երկրների քաղաքացիներն էլ կկարդան իր հոդվածը։