Պատրաստ ենք օրերով սպասել․ իրանցիները Երևանում հերթ են կանգնել պատվաստման կետերի մոտ

Իրանի քաղաքացիները պատվաստումների շարժական կետերի մոտ հերթի կանգնելու պատճառով չեն հասցնում վայելել Հայաստանի գեղեցկությունը։ Նրանք համարում են, որ իրավիճակի միակ բացասական կողմը դա է։
Sputnik

Իրանցիները Երևանում ստիպված են օրերով հերթ կանգնել պատվաստման շարժական կետերի մոտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ստանալու համար։ Սակայն նրանց համար դա խոչընդոտ չէ, քանի որ մեր երկրում նրանք կարող են ավելի արագ պատվաստվել, քան Իրանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նրանց հետ։

ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ավելի քան 108 հազար պատվաստում է կատարվել

Վերջին օրերին համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվում, որոնցում իրանցիների հերթեր են սահմանային անցակետերում և պատվաստման շարժական կայանների մոտ․ նրանք Հայաստան են գալիս COVID-19-ի դեմ պատվաստվելու։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սքրինշոթ էր հրապարակել իրանցի լրագրող Ֆարնազ Ֆասիհիի էջից, որտեղ մեծ խմբերով Հայաստան մտնող իրանցիներն էին, և նշել էր, որ ժամանակն է լրջորեն մտածել բժշկական զբոսաշրջության զարգացման մասին:

Պատվաստանյութի հետևից Հայաստան եկած իրանցիները բողոքում են հերթերից։ Նրանցից մեկն արդեն երեք օր է, ինչ այստեղ է, պատրաստվում էր այսօր հայրենիք վերադառնալ, բայց ստիպված է եղել հետաձգել մեկնումը։

Կինը կարծում է, որ շատ ավելի հաճելի է մեր երկրում գտնվել զբոսաշրջիկի կարգավիճակում․ պատվաստանյութի հերթերի պատճառով նա չի հասցնում ոչինչ տեսնել Հայաստանում։

Ընդ որում` միայն Հյուսիսային պողոտայի շարժական կետը օրական մինչև 100 քաղաքացու է սպասարկում։ Առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, նրանք պատվաստումը ստանում են անկախ օտարերկրացիներին հերթից։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց պատվաստման կետի բժիշկը, իրենք աշխատում են հերթափոխով, ժամը 12։00-ից մինչև 20։00։

«Ամեն ինչ անում ենք, որ հասցնենք բոլորին սպասարկել»,- Sputnik Արմենիային ասաց կինը։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ օտարերկրացիների պատվաստման տոկոսն աննշան է: Սակայն պարբերաբար սոցիալական ցանցերում հայտնվում են շարժական կետերի մոտ պատվաստման իրենց հերթին սպասող իրանցիների հերթերը։ Բացի այդ, Ավանեսյանն ասել էր, որ հուլիսի 15-ից օտարերկրացիները կկարողանան պատվաստվել Հայաստանում, եթե առնվազն 10 օր գտնվեն երկրում: Նա ընդգծել էր, որ այսուհետ օտարերկրացիները չեն կարողանա պատվաստանյութ ստանալ պոլիկլինիկաներում։ Նրանց պատվաստելու են բացառապես շարժական կետերում։

Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության անվճար կամավոր պատվաստումը ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Բացի այդ, օգտագործվում են չինական «Sinopharm» ընկերության, հնդկական «Bharat Biotech» ընկերության և բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության դեղամիջոցները։

Հայաստանում պատվաստումն իրականացվում է «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «ԿորոնաՎակ» դեղամիջոցներով։ Անվճար և կամավոր հիմունքներով պատվաստվում են 18 տարեկանից բարձր անձինք։