ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վրաստանի ՆԳՆ–ն սկսել է հետաքննել «Պիրվելի» հեռուստատեսության լրագրող և օպերատոր Լեկսո (Ալեքսանդրե) Լաշկարավայի մահը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով` սա Վրաստանի ՔՕ ստանդարտ հոդված է, որը կիրառվում է առանց բռնության ակնհայտ հատկանիշների մարմին հայտնաբերելու դեպքում։
«Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվելու։ Նշենք, որ հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդ»–ի դեմ ցույցերի լուսաբանման ժամանակ «Պիրվելի» հեռուստտեսության լրագրող և օպերատոր Ալեքսանդրե Լաշկարավան «Սիրցխվիլիա» կազմակերպության գրասենյակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության էր ենթարկվել, նրա հասցեին վիրավորանքներ էին հնչել», – ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես հայտնում են, ձերբակալվել է 4 անձ` «բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու», «մասնագիտական գործունեությունն իրականացնելու հետ կապված մարդուն հետապնդելու», «խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու» համար։
Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան
Լաշկարավան տուժել էր Թբիլիսիում հուլիսի 5-ին կայացած ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Աչքի վնասվածքով նա մի քանի օր բուժում էր ստանում կլինիկայում, այնուհետև նրան դուրս էին գրել։
Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը
Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել էր «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ էին իրականացրել։ Ամփոփիչ «Արժանապատվության երթը» պետք է կայանար երկուշաբթի։ Սեռական փոքրամասնությունների հակառակորդներն առավոտից սկսել էին հակաակցիաներ իրականացնել` փակելով Ռուսթավելի կենտրոնական պողոտան։ Նրանք մի քանի անգամ ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողների և օպերատորների վրա փայտեր և շշեր էին նետել։ Տուժել էր ավելի քան 50 լրագրող։