ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. 90 տարեկան բելգիացին մահացել է կորոնավիրուսի միանգամից երկու տեսակներով` բրիտանականով և հարավաֆրիկյանով վարակվելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրեսին։
Նշվում է, որ չպատվաստված կնոջը մարտին տեղափոխել էին հիվանդանոց։ Նույն օրը նրա մոտ COVID-19 էին ախտորոշել։ Սկզբում կնոջ մոտ թթվածնի մակարդակը բարձր էր, սակայն վիճակն արագ վատացել է, և 5 օր անց նա մահացել է։
Բժիշկները պարզել են, որ կինը վարակված է եղել ինչպես «ալֆա» («կորոնավիրուսի բրիտանական տարբերակ»), այնպես էլ «բետա» («հարավաֆրիկյան») շտամներով։
«Երկու տեսակներն էլ այն ժամանակ շրջանառվում էին Բելգիայում, այնպես որ հավանական է, որ կինը վիրուսի տարբեր տեսակներով վարակվել է երկու տարբեր մարդկանցից», – հայտարարել է մոլեկուլային կենսաբան Աննա Վանկիրբերգենը։
Փորձագետի խոսքով` դժվար է ասել, կապված է արդյոք հիվանդի վիճակի արագ վատացումը միանգամից վիրուսի երկու տարբերակների առկայության հետ, թե ոչ։ Մասնագետը նշել է, որ մի քանի շտամներով միաժամանակ վարակվելու ֆենոմենը «հավանաբար, թերագնահատվում է»։
Իրանի նախագահը զգուշացրել է երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին
Ուորիքսի համալսարանի (Բրիտանիա) մոլեկուլային ուռուցքաբանության պրոֆեսոր, վիրուսաբան Լոուրենս Յանգը հայտարարել է, որ կորոնավիրուսի մեկից ավելի շտամներով վարակվելը զարմանալի չէ։ Ըստ նրա` պետք է ուսումնասիրել պարզելու համար, արդյոք միանգամից մի քանի շտամների առկայությունն ազդում է COVID-19 կլինիկական ընթացքի վրա և արդյոք այն պատվաստման արդյունավետությունը վտանգի տակ չի դնում։