ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիրառված բառապաշարն անթույլատրելի է, բայց որոշ մարդիկ արդեն չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, երբ իշխանական ուժից անընդհատ հնչում է հայհոյող, նվաստացնող, ահաբեկող խոսքերի տարափ։
Այս մասին այսօր ՍԴ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով քարոզչության ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված հայհոյանքների մասին ՀՀ արդարադատության նախարար, ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանի հարցին։
«Չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է ու կարծում եմ, որ առաջինը իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկեր, որ նման իրավիճակ Հայաստանում չլիներ։ Նորից եմ կրկնում, որ դա ցավալի երևույթ է ու ՀՀ–ում մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ երբևէ մեր քաղաքական բառապաշարը չդառնա բառապաշար, որը բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին»,– ասաց Հարությունյանը։
Նշենք, որ Բադասյանը հարցը տալուց առաջ Սահմանադրական դատարանից ճշտեց` կարո՞ղ է արդյոք ինքը դատարանում կրկնել Սերժ Սարգսյանի ելույթում հնչած հայհոյանքը։ Դատարանը թույլ չտվեց, արդարադատության նախարարն էլ հարցը տվեց առանց ուղղակի մեջբերման։
Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։