ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն առաջադրել է նոր ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածուներին։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
«ՔՊ վարչության այսօրվա նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության գործող ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խմբակցության ղեկավար առաջարկել Հայկ Կոնջորյանի, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածուները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք պաշտոնները կզբաղեցնեն նոր խորհրդարանի առաջին նիստի գումարումից հետո։ Խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակի հարցով որոշումը դեռ չի հրապարակվում։
ՔՊ–ում թեժ քննարկումներ են. ո՞վ է այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն
Նշենք, որ մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ՔՊ խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան կնշանակվի, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կնշանակվի ԱԺ նախագահ: Առայժմ հայտնի չէ, թե ինչով կզբաղվի ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը, բայց լուրեր կան, որ նրան ՀՀ դեսպան կնշանակեն եվրոպական երկրներից մեկում, քանի որ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպից հետո (նրան ծեծել էին) նա բուժման կարիք ունի։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի