Մութ հարցեր են. Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին ԿԸՀ գնալու ծանուցագիր են տվել

Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն Զաքարյանին նիստից 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել դրա տեղի և ժամանակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԿԸՀ–ն արտահերթ նիստ է հրավիրել, որին մասնակցելու ծանուցագիր է ստացել Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Զաքարյանի պաշտպանը` Երեմ Սարգսյանը։

Խնդրում եմ հաջորդ նիստին ծրարով գալ. Հրայր Թովմասյանը` Տիգրան Մուկուչյանին

Նիստում պետք է քննարկվի Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։

Սարգսյանը տարակուսանքով նշել է, որ Ագարակի ոստիկանությունը ժամը 20։00-ին կայանալիք նիստին ներկայանալու ծանուցագիրն իր պաշտպայալին է հանձնել ժամը 17։15-ին։ 

Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն ընդամենը 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել նիստի տեղի և ժամանակի մասին։

«Վստահ եմ՝ «շատ են ուզում», որ Մխիթար Զաքարյանը և նրա պաշտպանը ներկա լինեն այդ նիստին և նեկայացնեն իրենց պարզաբանումները։ Մութ հարցեր են, թե ինչու՞ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, ոպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը»,–գրել է պաշտպանը։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 9–ին, Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։

Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 17–րդն է։ Նախնական տվյալներով` դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովում կունենա 21 մանդատ։

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել ընտրություններին քվեարկած զինծառայողների ցուցակը