ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները: Նրա խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով:
«Պետք է համախմբենք մեր համազգային կարողությունները՝ մարտահրավերներին դիմագրավելու և համազգային օրակարգի առաջ մղման նպատակով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Արա Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը:
«Բարձր գնահատանքի է արժանի Ձեր բռնած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Մենք եղել և շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր հայրենիքի պետականության պաշտպանության և զարգացման գործին»,- ասել է Արա Թորանյանը:
Ֆրանսահայ հյուրն անդրադարձել է Ֆրանսիայում Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված հայ համայնքի գործողություններին և այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքին: